Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Կրթահամալիրի տարեգրությունը



1960թ. Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեն որոշում է հին Նորքի գեղատեսիլ բնության գրկում հողատարածք հատկացնել առողջարարական դպրոց կառուցելու համար:
1962թ. սեպտեմբերից կրթօջախը սկսում է գործել: Իրար հետևից շարք են մտնում տարբեր կառույցներ` կաթսայատուն, ջերմոց, լվացքատուն և այլն: Աշակերտների և աշխատակիցների ջանքերով ընդարձակ տարածքում ստեղծվում են ծաղկանոցներ, գողտրիկ զրուցարաններ, ծառուղիներ, մարզահրապարակներ, կենդանաբանական այգի, «Հրաշք աշխարհ» քարանձավը և այլն:
1975թ. շահագործման է հանձնվում դպրոցաշինության ոլորտում բացառիկ մի կառույց` բոլոր հարմարություններով փակ լողավազանը: Այդ տարիներին դպրոցում սովորում էին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնք ուսման հետ զուգընթաց ներգրավված էին առողջարարական միջոցառումների համալիրի մեջ (բուժական մերսում և ֆիզկուլտուրա, լող, տաք փաթաթումներ, ֆունկցիոնալ սեղմիրաններ, գիպսային մահճակալ, պառկելաթախտեր ևայլն)։
Դպրոցի բուժական և մանկավարժական անձնակազմը սերտ կապեր էր հաստատել Մոսկվայի և Կիևի նմանատիպ դպրոցների հետ: Փորձի ուսումնասիրության նպատակով կազմակերպվում էին փոխայցելություններ:
Հայաստանի առողջապահության նախարարությունը, բժշկական ինստիտուտի համապատասխան ֆակուլտետի մասնագետները հետևողական օգնություն և հսկողություն էին սահմանում բուժական աշխատանքների իրականացման նկատմամբ:
1962-1975թթ. թիվ 22 հատուկ գիշերօթիկ դպրոցը մեծ համբավ ձեռք բերեց ոչ միայն Հայաստանում. այստեղ սովորելու և հատկապես բուժվելու նպատակով երեխաներ էին գալիս ոչ միայն մեր հանրապետության շրջաններից, այլև Վրաստանից և Ադրբեջանից, քանի որ Անդրկովկասում առաջինն էր նմանատիպ դպրոց հիմնվել:
1996թ. թիվ 22 հատուկ գիշերօթիկ դպրոցը վերանվանվեց «Օլիմպոս» կրթահամալիր, որն իրականացնում է ինչպես հանրակրթական, այնպես էլ հատուկ հանրակրթական ծրագրեր:
Կարևորագույն իրադարձությունները գեղագիտական բարձր մակարդակով նշելու համար կրթահամալիրը զգալի փորձ ունի։
1968թ. դպրոցը խանդավառությամբ տոնեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը, որի առթիվ աշակերտների և աշխատակիցների ուժերով կառուցվեց ուսումնական մասնաշենքի առջև հուշապատ՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» բրոնզատառ մակագրությամբ և Էրեբունի բերդաքաղաքին հատուկ խորհրդանշաններով։
1972թ. դպրոցը նշեց իր տասնամյակը։ Դարձյալ աշակերտների և աշխատակիցների ուժերով կառուցվեց շատրվան՝ ի նշան այդ իրադարձության։
1992թ. մեծ շուքով տոնվեց դպրոցի հիմնադրման 30-ամյակը։
Սկսած 1996 թվականից կրթօջախը համարվում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների և օլիմպիական հավաքների կազմակերպման կենտրոն։
2007թ. սեպտեմբերին տոնվեց կրթահամալիրի 45-ամյա հոբելյանը, և այդ օրը մի շարք լավագույն աշխատողներ պարգևատրվեցին նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով, իսկ տնօրեն Վ. Գրիգորյանը՝ «Մովսես Խորենացի» մեդալով։
2007թ. աշնանը «Արևելքի ջահ» միջազգային փառատոնի ծրագրերի շրջանակներում Հայաստան ժամանածների թվում էր հայտնի քանդակագործ Կացունի Մոկայը։ Նա շուրջ 10 օր հյուրընկալվեց կրթահամալիրում և մեր աշակերտների ակտիվ մասնակցությամբ ստեղծեց գեղեցիկ գործեր։ Դրանք ցուցադրվեցին քաղաքային ցուցահանդեսում, որից հետո «հանգրվանեցին»կրթահամալիրի թանգարանում։
Կրթահամալիրի կյանքում հետաքրքիր դրվագ էր այն, երբ երկու տարի, ամառային արձակուրդների ընթացքում, ՀՀ ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի միջնորդությամբ կրթօջախ եկան տարբեր երկրներից ժամանած ուսանող-կամավորականներ։ Նրանք կրթահամալիրի տարածքում բարեկարգման աշխատանքներ կատարեցին, հիմնեցին Կամավորականների ծառուղին։
ՀՀ կառավարության 14.06.2011թ․ N 774 որոշմամբ Երևանի «Օլիմպոս» կրթահամալիրը ստացավ նոր կարգավիճակ՝ դառնալով «Օլիմպոս» կրթահամալիր - ավագ դպրոց։ Այս փոփոխությամբ կրթահամալիրը հնարավորություն ստացավ իրականացնելու միջնակարգ կրթություն 1-12 դասարաններում։
Այստեղ մեր կրթօջախի տարեգրության միայն մի քանի էջերն են հիշատակված։ Մյուս էջերը տասնյակ հուշամատյաններն են, որոնք մեր անցած ճանապարհի կենդանի վկայագրերն են։